Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելանում է նաև տարբեր ոլորտի մասնագետների հանդեպ գիտելիքների և հմտությունների որակի բարձրացման պահանջը: Իսկ ի՞նչ է կատարվում հաշվապահի մասնագիտության հետ: Ինչպիսի՞ն է ժամանակակից հաշվապահը և ինչպե՞ս կարելի է կայանալ որպես հաշվապահ: Զրուցել ենք «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության 3-րդ բաժնի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
 
- Ինչպիսի՞ հմտություններ պետք է ունենա ժամանակակից հաշվապահը։
- Ժամանակակից գործնական աշխարհում հաշվապահի մասնագիտությունը ամենապահանջվածներից և, հետևաբար, ամենատարածվածներից է: Հաշվապահի որպես հմտություն, թերևս, կարելի է հատուկ առանձնացնել արագ կողմնորոշվելու, ծառացած խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու և, աշխատանքային փորձի կուտակման հետ մեկտեղ, վերլուծական մտածողություն ձևավորելու հմտությունները: Հաշվապահի աշխատանքային ոլորտի լայն մասշտաբը և ոլորտի զարգացման տեմպերն անուղղակի կերպով «ստիպում են» հաշվապահին գործել արագ, միևնույն ժամանակ առավելագույնս բազմակողմանիորեն վերլուծելով կայացված որոշման հնարավոր բոլոր հետևանքները:

 

- Հասարակության զարգացման ներկայիս փուլում որո՞նք են հաշվապահի իրավունքներն ու պարտականությունները։
- Գաղտնիք չէ, որ կազմակերպության ֆինանսական, հարկային խնդիրների համար մեղավորի «թիվ 1 թեկնածուն» կազմակերպության հաշվապահն է, ուստի հաշվապահի մասնագիտություն ընտրողները պետք է հստակ իմանան՝ ինչի՞ համար են իրենք պատասխանատու, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն, որոնց կատարմանը պետք է հետևեն անվերապահորեն.
-    ի թիվս մի շարք այլ իրավունքների, որոնք ունեն կազմակերպության մյուս աշխատակիցները, հաշվապահի իրավունքների ցանկը կարելի է լրացնել՝ մասնագիտական պահանջների անվերապահորեն կատարումով կազմակերպության բոլոր օղակների աշխատողների համար՝ շարքային ծառայողից մինչ գլխավոր տնօրեն: Նշվածը կարևոր է այնքանով, որ հաճախ չտիրապետելով մասնագիտության առանձնահատկություններին, իրավիճակի լրջությանը, թերահավատորեն են վերաբերվում հաշվապահի այս կամ այն պահանջին՝ որակելով դա ավելորդ թղթաբանական քմահաճություն կամ հիմնվելով նախկինի ապրիորի փորձի վրա, որով լրացուցիչ խնդիրներ են առաջացնում առանց այդ էլ խնդիրների պակաս չունեցող մասնագետների առօրյային: Հաշվապահի իրավունքն է իրազեկ լինել կազմակերպության իր պարտականությունների կատարմանը այս կամ այն կերպ առնչվող իրադարձություններին, ճիշտ քաղաքականություն մշակելու և իրագործելու համար: Հաշվապահը իրավունք ունի ազատ որոշման կայացման, առանց կաշկանդվելու հնարավոր խոչընդոտների կամ բացասական հետևանքների ի հայտ գալով:
Ուղղակիորեն հաշվապահին վերաբերող պարտականությունները շատ ավելի մեծ շրջանակ ունեն, քան իրավունքներն են: Հաշվապահը պարտավոր է լինել որակապես լավ պատրաստված, օժտված լինի ղեկավարելու ունակությամբ, տիրապետի պրոֆեսիոնալ գաղտնիքը պահելու իր մասնագիտական էթիկային, լինի պահանջկոտ և հետևողական: Հաշվետվությունների ճշգրիտ և ժամանակին կազմումը դեռ աշխատանքի եզրափակումը չէ: Առնչվելով կազմակերպության ֆինանսատնտեսական ամփոփ ցուցանիշներին, առնչվելով կազմակերպության ռիսկային և պոտենցիալ ռիսկային խնդիրներին, միայն արտացոլել առկա պատկերը, չի խոսում հաշվապահի լավագույն որակների մասին: Այս մասով հաշվապահը պետք է օժտված լինի մասամբ ֆինանսիստի ունակություններով՝ տեղեկացնելով ղեկավար մարմիններին առկա ռիսկային ցուցանիշների մասին կամ ուղղորդելով կատարել արդեն իսկ գործող քաղաքականության մեջ անհրաժեշտ փոփոխությունները կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման միտումով:
Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ՀՀ գործող աշխատանքային շուկայի պայմաններում հաշվապահը հիմնականում կատարում է հարկային հաշվառման պատասխանատուի պարտականություններ, ապահովելով կազմակերպության հարկային մարմինների հետ հարաբերությունների հուսալիությունը և հնարավոր ֆինանսական խնդիրներից (տուգանքներից) խուսափումը:

 

- Հիմնական անձնական հատկանիշներն ու ընդունակությունները, որոնք նախանշում են հաշվապահի մասնագիտությունը: Գիտելիքներն ու կրթությունը, որոնք պետք է ունենա հաշվապահը։
- Տարածված կարծիքը, թե մաթեմատիկական գիտելիքներով օժտված երեխաները ապագա պատրաստի հաշվապահներ են, մասամբ է համապատասխանում իրականությանը. մաթեմատիկական գիտելիքները հաշվապահին իր պարտականությունների կատարման մեջ օգնում են այնքանով, ինչքանով որ կօգնեն երթուղայինի վարորդին ուղեվճարի մանրը ճիշտ վերադարձնելու կամ խանութի վաճառողուհուն վաճառվող ապրանքների գինը ճիշտ հաշվարկելու համար. այլ կերպ ասած միայն աշխատանքի կատարման հաշվարկային փուլում: Այլ է վերլուծական, մաթեմատիկական մտածողության հատկանիշի առկայության դեպքում, որը ուղղակի անհրաժեշտ է հաշվապահ դառնալու համար: Հաճախ փնտրվող հարցերի պատասխանները բառացիորեն շարադրված չեն մասնագիտական գրականության, ստանդարտների, օրենսդրական ակտերի մեջ, ուստի հաշվապահի համար անփոխարինելի է պահանջված պատասխանը տրամաբանորեն քաղելու ունակությունը:
Անձնական հատկանիշներից կարելի է կարևորել ազնվությունը, գաղտնապահությունը (ինչպես նշվեց մասնագիտական պարտականությունների մեջ), ինքնավստահությունը որոշումների կայացման փուլում, նորը փնտրելու, յուրացնելու ձգտումը, պարտաճանաչությունը, որը կարտահայտվի նաև մասնագիտական ձեռագրի ստեղծման մեջ: Բացի վերը թվարկված ոչ պակաս կարևոր հատկանիշներից, կառանձնացնեմ նաև հաշվապահի շփման ունակությունը ղեկավար անձնակազմի, կոլեգաների և գործնականում առնչվող այլ անձանց հետ: Ի պաշտոնե հաշվապահը հաճախ պարտավոր է «ոչ այդքան դրական» նորություն հայտնելու տնօրենին, կամ այլ պատասխանատու անձանց, ուստի, չտիրապետելով շփման էթիկային, հաճախ նման իրավիճակներր ավելորդ սրման կամ խուճապի առիթ են դառնում, անհնարին դարձնելով հետագա համագործակցությունը: Ուստի, հաշվապահը պետք է իրատեսորեն գնահատի իրավիճակը, ընտրի ամենալավ տարբերակը այն հայտնելու կամ զգուշացնելու համար, միևնույն ժամանակ զերծ մնալով խնդրի աղավաղումից կամ ոչ իրական պատկերով ներկայացումից:
Մասնագիտական գիտելիքները, առանց որոնց ուղղակի չի կարող կատարվել աշխատանքը, կարող են փոխանցվել ԲՈՒՀ-երում մասնագիտական կրթության, մասնագիտական վերապատրաստման դասընթացների միջոցով, սակայն, ինչպես ցանկացած այլ գործում, վճռորոշ դեր ունի պրակտիկ գիտելիքների յուրացումը: Արդի հաշվապահի առօրյա պարտականությունների կատարումը անհնարին է առանց համակարգչի, ինչպես նաև հաշվապահական և հաշվողական ծրագրերի տիրապետման, որոնք օպտիմալացնում, կանոնակարգում են աշխատանքը, օգնելով տիրապետել ողջ տեղեկատվությանը մեկ համակարգում, գործել արագ և առավելագույնս արդյունավետ:

 

Որևէ բնագավառում հաջող կարիերա կառուցելու ցանկությունը դեռ բավարար չէ: Պետք է գիտակցել, թե ինչի եք ուզում հասնել: Ճիշտ ընտրված նպատակը, գիտելիքները, աշխատասիրությունը, զարգանալու ցանկությունը կօգնեն հասնել ձեր նպատակին:

 

 
Անի Եսայան

 

 

 

SaveSaveSaveSave

Partners

  • 156

    Employees

  • 1114

    Clients

  • 16

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input

*

  RefreshInvalid Input