«Կեցցե՛» արձակուրդներ



«Կեցցե՛» արձակուրդներ
Հոգեբաններն ասում են` եթե աշխատողը զբաղվում է սիրած գործով, ապա նա հանգստի կարիք չունի: Անկեղծ ասած, այդ կարծիքին մենք համամիտ չենք: Դա հոգեւոր բավարարվածություն եւ հանգստություն կարող է պարգեւել, սակայն հանգստանալու ֆիզիկական պահանջն այդպես էլ չի բավարարվի: Բացի այդ, հոգեբանական այդ թեզը հանգիստ կարող ենք շրջանցել գոնե այն պարզ պատճառով, որ Հայաստանում շատ քչերն են զբաղվում սիրած գործով: Բարեբախտաբար, «օրենք գրողներն» այդ հանգամանքը հաշվի են առել եւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով աշխատողների համար նախատեսել «հանգստի ժամանակ» հասկացությունը: Օրենքն ամրագրում է աշխատողի հանգստի հիմնական հինգ տեսակ:

Հանգստի կազմակերպման եվ «վայելքի» տեսակները

Առաջինն ու ամենակարճատեւը հանգստի եւ սնվելու համար նախատեսված ընդմիջումն է, երբ աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, աշխատողին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի եւ կես ժամից ոչ պակաս տեւողությամբ ընդմիջում: Աշխատողն ընդմիջման այդ ժամանակահատվածի լիիրավ տնօրինողն է, ուստի կարող է նաեւ բացակայել աշխատավայրից: Տոկոսային հարաբերությամբ առավել մեծ մասսայականություն վայելող եւ «տրվող» հանգիստն է` սովորական ընդմիջումը:
Մեծամասամբ անծանոթ եւ չհանդիպող տեսակ է Աշխատանքային օրենսգրքով սահմանված հանգստի երկրորդ տեսակը` աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքի լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումը, որը տրամադրվում է աշխատանքի պայմաններից ելնելով: Օրինակ, եթե աշխատողը մինչեւ տասնութ տարեկան է, իսկ նրա աշխատաժամանակի տեւողությունը գերազանցում է 4 ժամը, նրա համար օրենքը նախատեսում է հանգստի լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե տեւողությամբ: 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ 0-ից ցածր 10 աստիճան ցելսիուս ջերմաստիճանների, ծանր ֆիզիկական, մտավոր կամ հուզական գերլարված բնույթ կրող, եւ կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում աշխատողներին եւս հասնում է հատուկ ընդմիջում:
Հասարակության աշխատող հատվածի համար նախատեսված աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջեւ ընկած անընդմեջ հանգիստը երրորդ տեսակն է: Դրա տեւողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից: 14-16 տարեկան աշխատողների համար այն չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ 16-18 տարեկանների համար` ոչ պակաս 12 ժամից, եւ պետք է ներառի ժամը 22-ից մինչեւ 6-ը:
Արդեն հասկանալի է, որ դա Քո տուն վերադառնալու իրավունքն է: Կհամաձայնես, որ գուցե ոչ շատ, բայց կան հաստատություններ, որ երբեմն մարդուն զրկում են օրենքով սահմանված հանգստի այդ տեսակից եւս:
Հանգստի չորրորդ տեսակը կոչվում է ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ, որը կազմակերպվում է կիրակի, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթ եւ կիրակի: Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Հանգստյան օրերին աշխատողներին արգելվում է ներգրավել աշխատանքի` բացառությամբ դեպքերի, երբ աշխատանքի դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով, բնակչության սպասարկման իմաստով անհնար է: Հղիները, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Ի դեպ, ուզում եմ ուշադրությունդ բեւեռել նախորդ նախադասության «երեխա խնամող աշխատող» հատվածին: Դա ենթադրում է, որ այդ աշխատողի սեռը պարտադիր չէ, որ լինի իգական: Թեպետ Հայաստանի պայմաններում, մենթալիտետի ճնշմամբ այդ աշխատողը կին է, սակայն օրենքը տարածվում է նաեւ տղամարդկանց վրա:
Մինչեւ տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքին տրվում է ոչ պակաս, քան հանգստյան երկու օր, անկախ այն հանգամանքից` աշխատանքային շաբաթը հնգօրյա է, թե` վեցօրյա:
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար աշխատողին, հանգuտանալու եւ աշխատունակությունը վերականգնելու նպատակով, տրամադրվում է արձակուրդ. ամենամյա արձակուրդը հանգստի 5-րդ տեսակն է: Այն աշխատանքային oրերով հաշվարկվող ժամանակահատված է, որի ընթացքին պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է նրա միջին աշխատավարձը: Ամենամյա արձակուրդը լինում է` նվազագույն, երկարացված եւ լրացուցիչ:
Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը, հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, աշխատանքային 20 oր է, վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` աշխատանքային 24 oր:
Եթե կատարվող աշխատանքը կապված է մտավոր եւ հուզական գերլարվածության կամ մաuնագիտական ռիuկի հետ, ապա այդ կատեգորիայի աշխատողներին տրամադրվում է երկարացված արձակուրդ: Այդպիսի աշխատանքներ են համարվում ուսումնական, բժշկական եւ այլ հաստատությունների աշխատանքները: Ամենամյա երկարացված արձակուրդը աշխատանքային հնգoրյա շաբաթվա դեպքում կազմում է աշխատանքային 25 oր, աշխատանքային վեցoրյա շաբաթվա դեպքում` աշխատանքային 30 oր:
Լրացուցիչ ամենամյա արձակուրդն նվազագույն ամենամյա արձակուրդից բացի աշխատողին տրամադրվող հանգստյան լրացուցիչ օրերն են, ինչը պայմանավորված է աշխատողի կատարած աշխատանքի բնույթով: Մասնավորապես, այն տրամադրվում է աշխատանքի վնաuակար եւ վտանգավոր պայմաններում, չնորմավորված աշխատանքային oրով, ինչպեսեւ հատուկ բնույթի աշխատանքներում ներգրավված աշխատողներին: Լրացուցիչ ամենամյա արձակուրդը միացվում է նվազագույն ամենամյա արձակուրդին եւ կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին:
Ամենամյա արձակուրդը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար տրամադրվում է տվյալ տարին: Որպեu կանոն, աշխատանքի առաջին տարվա համար այն տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիuը լրանալուց հետո: Սակայն աշխատողի արձակուրդ գնալու խնդիր առաջանալու դեպքում գործատուն կարող է ժամկետից շուտ տրամադրել ամենամյա արձակուրդը: Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել ամբողջությամբ կամ մաuերով` ըստ կողմերի նախնական համաձայնության: Մաuերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մաuերից մեկը պետք է կազմի աշխատանքային առնվազն 10 oր` հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ վեցoրյայի դեպքում` աշխատանքային առնվազն 12 oր:
Օրենքը չի արգելում ամենամյա արձակուրդից հետ կանչելու հնարավորությունը, սակայն սահմանափակում է գործատուի այդ իրավունքը` այն տալով միայն աշխատողի համաձայնության դեպքում: Այդ դեպքում ամենամյա արձակուրդի չoգտագործված մաuը տեղափոխվում է այլ ժամանակ, եւ ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատաuխան oրերի քանակով: Ամենամյա արձակուրդից հետ կանչված եւ աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից:
Գործատուն պարտավոր է ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարել միջին աշխատավարձ (արձակուրդային), որի չափը որոշելու համար oրական միջին աշխատավարձը բազմապատկվում է տրամադրվող արձակուրդի oրերի թվով:
Արձակուրդի այդ տեսակի «լուսաբանումն» ամենաերկարն էր, բայց հենց դրա «շրջանցումն» է առավել հանդիպում: Գուցե հենց այդ վերլուծություններն ու սեփական իրավունքի ներկայացումը կփոխեն ընդհանուր մոտեցումը, եւ աշխատողն օրենքի այդ կետով իրավազուրկ չի դառնա:
Ի ԴԵՊ…
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաեւ հանգստի տեսակների հետ կապ չունեցող ոչ աշխատանքային օրեր` տոնական եւ հիշատակի օրերով պայմանավորված: Այդ օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքի` բացառությամբ աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար: Հղիները, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

ՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈւՐԴ ԱՊՕՐԻՆԻ «ԱՇԽԱՏԱՑՈւՄ»
Արդյո՞ք ներկայացվածը համընկնում է իրականությանը, յուրաքանչյուր աշխատող թող սեփական օրինակով դատի: Մենք մեր հերթին զրուցել ենք ՀՀ գործող մասնավոր մի քանի ընկերության աշխատակիցների հետ: Հասկանալի պատճառներով ընկերության եւ աշխատողի անունները չենք հրապարակում, փոխարենը տեղին է մեջբերել նրանց պատմածը «տրամադրվող» հանգստի մասին:
«Մեր ընկերության աշխատակիցներին լիարժեք չի տրամադրվում ամենամյա արձակուրդը: Արդեն երկրորդ տարին ես այդ արձակուրդը ստանում եմ միայն ինքս այն պահանջելուց հետո, ընդ որում` դրա տեւողությունը չի գերազանցում 10-15 օրը»:
«Մեզ մոտ ամենշաբաթյա հանգստի օրը կիրակին է: Շատ հաճախ, սակայն, գործատուն մեզ ներգրավում է աշխատանքի այդ օրը եւս, իսկ լրացուցիչ վարձատրության մասին խոսք անգամ չի լինում»:
«Ինձ երբեք չի տրամադրվել ամենամյա արձակուրդ, թեեւ կարծում եմ` մեր աշխատանքի բնույթը դրա հնարավորությունը տալիս է: Հավելեմ նաեւ, որ տոնական եւ հիշատակի օրերը մեր ընկերութան համար գոյություն չունեն: Եթե նույնիսկ ամբողջ քաղաքը հանգստանում է, մենք աշխատում ենք»:
Հանգստի իրավունքից չօգտվելը համատարած խնդիր է Հայաստանում, հատկապես` մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար: Մի քանիսի պատճառով բոլորին հավասարի տակ դնել չէինք ցանկանա, սակայն, ցավոք, այդ «մի քանի»-ն դարձել է հաճախ հանդիպող երեւույթ: Այդ է պատճառը, որ խնդիրն արժանացել է մեր ուշադրությանը: Հարցը գործատուին, կամ որեւէ ատյան մեղադրելը չէ: Անհրաժեշտ է փոխել կարծրատիպը` ոչ միայն գործատուի, այլեւ` աշխատողի:
Ոլորտի բացիթողի վիճակի պատճառները փորձեցինք պարզել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանից: Բառացի մեջբերում ենք հարցուպատասխանի այդ հատվածը.
Հեղ. - Բազմաթիվ են գործատուները, որոնց աշխատողները զրկված են ոչ միայն տարեկան արձակուրդից, այլեւ առանց լրացուցիչ վարձատրության աշխատում են անգամ հանգստյան, տոն եւ մեռելոց օրերին (խոսքը չի վերաբերում այն աշխատատեղերի աշխատողներին, որտեղ աշխատանքի դադարեցումն ինչ-ինչ պատճառներով անհնար է): Ինչու՞ օրենքի պահանջը չի տարածվում մասնավոր հատվածի վրա: Արդյո՞ք այդօրինակ գործատուները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության կամ տույժի:
Թ.Ավետիսյան - Օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրն ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Ասել է, թե օրենքով ամեն բան հստակ է: Ցավալի է, որ օրենքի մեջբերումն ու դրա մասին մեզ տեղեկացումը դեռեւս հարցի լուծում չէ:
Նյութի օբյեկտիվությունը պահպանելու նպատակով «խոսքի հարթակ»-ի հնարավորություն ընձեռեցինք նաեւ գործատու կազմակերպությանը: Նույն հարցով դիմել ենք նաեւ «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության կադրերի բաժնի պետ Իլյազ Մարտիրոսյանին: Հարուստ ու բազմամյա աշխատանքային փորձով մասնագետը, որն իր կադրային քաղաքականությամբ զերծ է օրենքի այդօրինակ շրջանցումից, կարծիքին է, թե. «Քանի դեռ մեր հանրապետությունում գործազրկությունն այդ մակարդակի վրա է, ապա աշխատողները, իրենց կենսական միջոցների հայթայթմամբ չափազանց կախված լինելով գործատուից, այդ միջոցները չկորցնելու վախով պայմանավորված, հաշտվում են գործատուի կամայական եւ շատ դեպքերում օրենքներին հակասող պահանջների հետ»:
Իրապես ճիշտ դիտարկում: Գործազրկությունն է դրդում մարդուն աշխատանքը կորցնելու վախն ունենալ: Պաշտպանել սեփական իրավունքներն այլեւս ոչ ոք չի համարձակվի, որովհետեւ եթե չլինես Դու, քո փոխարեն, առանց արձակուրդի, կհամաձայնի աշխատել ճարահատյալ որեւէ մեկը: Հենց այդ վիճակն էլ դրդում է գործատուին ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ շրջանցել օրենքը:
«ԲԻԶՆԵՍ ԿՈՆՑԵՊՏ»-ը երկու եզրակացություն ունի.
առաջին` հասարակության աշխատող հատվածը, որպես կանոն, չունի ինֆորմացիոն բազա, որը թույլ կտա տնօրինել օրենքով իրեն հասանելի հանգստի ժամանակը:

Եզրահանգում երկրորդ` գործատուն քաջատեղյակ լինելով օրենքի պահանջից` այդուհանդերձ, չի կիրառում այն` օգտվելով աշխատողի անտեղյակությունից կամ, որ ավելի վատ է` պարզապես լռությունից:

ԲԻԶՆԵՍ ԿՈՆՑԵՊՏ #2, 2013
  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input