Հայկական ֆենոմեն


Press1

Հայկական ֆենոմեն. համեստ գործարարը «Մարդ, որը սկսել է հաշվել և չի կարողացել կանգ առնել»

 

Որքան էլ սեփական անձի մասին երկար խոսելը համարվում է վատ սովորություն եւ չի տեղավորվում տարրական էթիկետի սահմաններում, այնուամենայնիվ, եթե ուզում ես ավելին իմանալ անձի մասին, պետք է «ստիպես» նրան զբաղվել «ինքնագովությամբ»: Այդ մեթոդով առաջնորդվելով էլ խոսեցրել ենք «ԲԻԶՆԵՍ ԿՈՆՑԵՊՏ»-ի անդրանիկ համարի թիրախում հայտնված «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Արման Վարոսյանին: Նրա ղեկավարությամբ արդեն տասը տարի Հայաստանի տնտեսական դաշտում գործունեություն ծավալող ընկերությունը մատուցում է հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ, գործակցում հարյուրավոր կազմակերպությունների հետ եւ նպաստում նրանց բիզնեսի ճիշտ ղեկավարմանը: Խորը գիտելիք, տարիների փորձով ձեռք բերված մասնագիտական հմտություններ, ճկունություն` աշխատանքի կազմակերպման հարցում: Այդ են հիմնական սկզբունքները, որոնցով ձեռք են բերվում Արման Վարոսյան գործարարի թիմի հաջողությունները:

«Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության ղեկավար Արման Վարոսյանի կյանքի ու գործունեության խճանկարը հավաքենք ժամանակագրական կարգով:
- Ի՞նչ եք հիշում Ձեր մանկությունից, ինչպիսի՞ երեխա է եղել Արման Վարոսյանը:
- Միանգամից խոստովանեմ՝ չափազանց չարաճճի երեխա եմ եղել թե՛ տանը, թե՛ դպրոցում: Միեւնույն ժամանակ, շատ լավ եմ սովորել: Դասերից դուրս եւս միշտ ունեցել եմ լրացուցիչ զբաղմունք՝ սպորտ, նկարչություն, քանդակագործություն: Ժամանակին «Յունիտեխնիկ» կրթական հաստատություն կար, որի բոլոր խմբակները հաճախում էի՝ ֆոտոսիրող, ռադիոսիրող, նավամոդելիզմ, ավիամոդելիզմ: Ամեն ինչ ստացվում էր, շատ էի սիրում հատկապես ավիամոդելներ պատրաստել: Աշխատանքներս չեն պահպանվել, որովհետեւ պատրաստման ընթացքից պարզապես հաճույք էի ստանում, իսկ հետո քանդում, փչացնում էի: Նյարդերս թուլացնելու համար հիմա էլ ժամանակ առ ժամանակ վերհիշում եմ մանկության տարիների այդ զբաղմունքը: Այս պահին փայտից դղյակ եմ պատրաստում, որը դեռեւս անավարտ է:
- Երբ արդեն հասուն տարիքում հետ ես նայում անցած ճանապարհիդ, հասկանում ես՝ մանկության, ապա ուսանողական տարիները կյանքի ամենաանհոգ ժամանակաշրջանն են: Երբ ավարտվեց Արման Վարոսյանի անհոգ կյանքը եւ սկսվեց «իրականությունը»:
- Իմ կյանքի անհոգ տարիները սովորականից շուտ են ավարտվել: 14 տարեկանից աշխատել եմ տարբեր հաստատություններում եւ տարբեր ոլորտներում: Այդ ընթացքում ավարտել եմ Ֆինանսական Ակադեմիան, ծառայել բանակում: 1998 թ.-ից սկսեցի զարգացնել հաշվապահական գիտելիքներս: Երեւի թե այդ կետից էլ սկսվեց իմ կյանքի «իրականությունը»: Ինքնուսման, ինքնակատարելագործման շնորհիվ տարբեր կազմակերպությունների հաշվապահությունն էի վարում: Արդեն 2001թ.-ին մեծ ընկերության գլխավոր հաշվապահ էի:
- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ընտրեցիք հաշվապահի մասնագիտությունը:
- Հաշվապահությունն ընտրել եմ՝ գնալով մորս հետքերով, բայց ոչ նրա խորհրդով: Պարզապես սիրել եմ: Մորս ցանկությունն ու խորհուրդն էր, որպեսզի բժիշկ դառնամ: Թեեւ հաշվապահ դառնալու որոշումն արդեն կայացրել էի, բայց որպեսզի մայրիկի սիրտը չկոտրեմ, պարապում էի բժշկական ընդունվելու համար պահանջվող առարկաները: Ընդունվեցի Ֆինանսական Ակադեմիա, որի առաջին շրջանավարտներից եմ եղել: Արդեն այսօր ակադեմիայի հետ գործնական հարաբերություն ունենք: Տեղի ուսանողները վերապատարստվում են մեր ընկերությունում:
- Գործարարությունը համբավ եւ հեղինակություն է, բայցեւ մեծ պատասխանատվություն: Ինչպե՞ս հավասարակշռեցիք այդ հակասությունները եւ կայացրեցիք ընկերություն հիմնադրելու որոշումը:
- «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը հիմնելու առիթն ավելի շուտ հասունացավ, քան ցանկությունը: Այլ կերպ ասած՝ պատճառը ծնեց գաղափար: Արդեն բավական լուրջ հաշվապահական փորձ ունեի. իրենց հաշվապահության վարումն ինձ վստահող գործընկեր կազմակերպությունների թիվն օրեցօր ավելանում էր: Ես ֆիզիկապես արդեն չէի հասցնում: 2003 թ.-ին գրանցեցի «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» հաշվապահական ընկերությունը: Աշխատանքին նախ ներգրավեցի կուրսեցիներիցս երկուսին: Այդ ժամանակ եղբայրս ընտանիքի հետ բնակվում էր արտերկրում: Նրան էլ առաջարկեցի ընդգրկվել աշխատանքին: Այդպես, տարեցտարի ավելանում էր ընկերության աշխատակիցների թիվը, ավելանում էր նաեւ մեր հաճախորդների շրջանակը: Այսօր «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը տասը տարեկան է, մեր աշխատակիցների թիվը գերազանցում է 100-ը, իսկ հաճախորդ-գործընկերներինը՝ վաղուց է անցել այդ շեմը:
- Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր հաջողությունները: «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության պարբերական առաջընթացի ու հաղթանակների գրավականը ո՞րն եք համարում:
- Ուժ, կապեր... մեր ոլորտում դրանք դեր չունեն: Գործի հաջողության բանալին գիտելիքն է: Հարուստ գիտելիքը մատուցելու, միմյանց փոխանցելու շնորհիվ ձեւավորվեց թիմ, որն ազնիվ պայքարի կողմնակից է, իսկ դա հաճախորդներին դուր է գալիս, եւ օրեցօր նրանց թիվն ավելանում է:
Մեր հաճախորդներն ի սկզբանե գնահատել են աշխատաոճս, մոտեցումս գործին: Մեր գործում բացառում եմ անճշտություններն ու վրիպումները, որովհետեւ լիովին տիրապետում եմ դաշտին ու դրա կանոններին, այդ թվում՝ օրենքի պահանջներին: Իսկ այդ ամենին տիրապետելու համար երբեք չպետք է դադարես ինքնակատարելագործվել: Այդ ձեռագրով է այսօր աշխատում մեր ամբողջ թիմը: Այդ պատճառով է, որ գովազդով երբեք չենք զբաղվել. մեր գովազդը եղել են մեր հաճախորդները, մեր աշխատանքը:
- Պարո՛ն Վարոսյան, ամեն օրը Ձեզ համար լուրջ փորձություն է՝ ոչ միայն ծանրաբեռնված աշխատանքային օրակարգով պայմանավորված. Ձեր ուսերին է նաեւ ավելի քան 100 աշխատակից ղեկավարելու, ժամանակին եւ տեղին նրանց ուղղորդելու պարտավորությունը: Գտե՞լ եք ղեկավար-աշխատող հարաբերության օրինակելի ձեւը:
- Խստություն, հավասարություն: Ղեկավար-աշխատող հարաբերության մեխանիզմը պտտվում է այդ երկու բառի շուրջ: Խիստ եւ պահանջկոտ եմ, բայց չափի մեջ: Խստությունը չպետք է հասնի գերիշխողի աստիճանի: Ես սիրում եմ աշխատակիցներիս հետ ունենալ մտերիմ, ջերմ հարաբերություն: Բոլոր աշխատակիցներն ինձ համար հավասար են, հետեւաբար նրանց հետ պիտի լինես այնպես, ինչպես ինքդ քեզ հետ: Մեր ընկերությունում շատերը միմյանց, այդ թվում ինձ՝ ազգականներ են, բայց երբեւէ դա նկատելի չէ մյուսների համար: Բոլորին ես նույն աչքով եմ նայում՝ հարազատի: Կարծում եմ՝ բոլորն էլ ինձ են ընդունում նախ իբրեւ հարազատի, ապա՝ ղեկավարի:
- Հայաստանում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելը, մեղմ ասած, հերոսություն է: Դեռեւս 21 տարվա անկախ պետականության պարագային կայացած տնտեսության, ոլորտին առնչվող անթերի օրենսդրության մասին խոսելը վաղ է: Ո՞րն է Ձեր տեսակետն այդ հարցի վերաբերյալ, ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում պետություն-գործարար փոխհարաբերության տիրույթում:
- Այդ հարցում ես բավական լավատես եմ եւ ինչ-որ առումով համաձայն չեմ Ձեզ հետ: Խոչընդոտներն իրականում հաճախ մենք ինքներս ենք մեզ համար ստեղծում՝ չիմանալով օրենքը եւ այն ճիշտ չկիրառելով:
Մեր երկրում մեղավորը, չգիտես ինչու, միշտ պետությունն է, հարկային համակարգը: Եթե համեմատենք այլ պետությունների հետ (հենց այնպես չեմ ասում, ծանոթանալու առիթ ունեցել եմ), մեր հարկային դաշտը բավական լուրջ հիմքերի վրա է: Իհարկե, թերություններ կան, բայց որտե՞ղ չկա թերություն: Մեզանից՝ գործարարներիցս, պահանջվում է տիրապետել օրենքին եւ այն ճշտությամբ կիրառել: Ինձ թվում է՝ այդ դեպքում խնդիրներն առավել քիչ կլինեն:
- Մարդուն միշտ առավել հետաքրքրում է ոչ թե բեմի վրա ծավալվող գործողությունը, այլ՝ կուլիսներում խնամքով թաքցվածը: Կպատմե՞ք «առանց փողկապի» Արման Վարոսյանի մասին:
- Շարքային քաղաքացի եւ գործարար Արման Վարոսյանները, կարծում եմ, շատ չեն տաբերվում: Բնավորությունս, սկզբունքներս նույնն են նաեւ աշխատանքից դուրս: Գործս ավարտվում է, վազում եմ տուն, որովհետեւ տանն էլ եմ սիրում լինել՝ ընտանիքիս, երեխաներիս հետ:
Ծաղիկների սիրահար եմ: Մշակում եմ ինքս: Ծաղիկների խնամքն ինձ համար մեծագույն հաճույք է:
Սովորական ընտանիքի սովորական տղամարդ եմ: Լուծում եմ նաեւ տանը ծագած տնտեսական խնդիրները, օրինակ՝ էլեկտրականության անսարքություններն ինքս եմ վերացնում, եւ ընդհանրապես, կատարում եմ ցանկացած «տան-տղամարդու» գործ:
- Ծաղիկների խնամքը Ձեր միա՞կ «պարապ վախտի խաղալիքն է»:
- Շատ եմ սիրում նաեւ կարդալ, քնելուց առաջ պարտադիր կարդում եմ: Ժամանակին ընթերցում էի հիմնականում հաշվապահությանը, հարկային օրենսդրությանը վերաբերող գրականություն: Հիմա ավելի շատ կարդում եմ ղեկավարելու, կառավարելու հմտություններ սովորեցնող գրքեր: Բիլ Գեյթս, Ռոբերտ Կիյոսակի՝ նախընտրածս հեղինակներն են:
- Ինչպիսի՞ հայր, ինչպիսի՞ ամուսին եք:
- Խիստ չեմ, բայց պահանջկոտ հայր եմ: Երեխաներիցս պահանջում եմ հարգանք բոլորի հանդեպ՝ մեծ, թե փոքր: Ես էլ եմ այդպիսի դաստիարակություն ստացել, եւ երեխաներիս հարցում եւս մոտեցումս նույնն է:
Ամուսնու կարգավիճակով երեւի լավն եմ: Դե իհարկե, ինչպես ցանկացած մարդ, ունեմ իմ թերությունները: Բայց .... (հեղ. մտածում է) լավն եմ էլի (հեղ. ժպտում է): Չեմ կարծում, որ կինս կդժգոհի:
- Հաճա՞խ եք զայրանում:
- Երբ հունից դուրս եմ գալիս, ձայնս եմ բարձրացնում: Բայց դա ուղղակի «անվտանգ» բարձր տոնայնություն է: Դա էլ երեւի գործի բնույթից է՝ անընդհատ նյարդային, լարված վիճակից: Ամեն դեպքում՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում զայրույթս արտահայտվում է բարձր տոնայնությամբ:
- Համեղ խորտիկներ, ոգելից խմիչք... հավասարակշռությունից կարո՞ղ են հանել:
- Ուտելու հարցում կամակոր չեմ: Ամեն ինչ էլ ուտում եմ՝ ե՛ւ մսակեր եմ, ե՛ւ բուսակեր, բայց շատակեր չեմ: Հետեւում եմ նաեւ պահքի ավանդույթներին, այդ շրջանում ախորժակս զսպել հաջողվում է: Ոգելից խմիչքներից ամռանը հաճելի է սառը գարեջուրը, ձմռանը՝ վիսկին, շատ եմ սիրում նաեւ դառը գինի:
- Բրենդային հագուստ, թանկարժեք պիտակ, թե՞ պարզապես հարմարավետություն:
- Բրենդին կամ պիտակին նշանակություն չեմ տալիս: Որքան էլ զարմանալի հնչի, ինձ համար կոստյումը եւ փողկապը ե՛ւ գործնական է, ե՛ւ պրակտիկ եւ նույնիսկ՝ հարմարավետ: Գործի բնույթն այդտեղ կապ չունի, իմ նախընտրած ոճն է: Անգամ օդանավով հանգստանալու մեկնելիս՝ ինքնաթիռ եմ նստում կոստյումով: Դա իմ սիրած համազգեստն է:
- Ինչի՞ մասին է երազում Արման Վարոսյանը:
- Առաջ մի երազանք ունեի, որ տղաս մեծանա, մարդկությանը պիտանի անձնավորություն դառնա, հիմա երկու երազանք ունեմ, որովհետեւ երկու տղա ունեմ:
Շարքային քաղաքացի եւ գործարար Արման Վարոսյան կերպարից ինձ համար տպավորվեց ոչ մի պահ չմարող ձգտումը, մեր պետության հանդեպ լավատեսությունը, չափի զգացումը: Շինծու եւ նորաձեւ «էլիտար» հասկացությունն այս մարդու համար չէ. հարմարը, չափավորն ու գեղեցիկը: Գուցե հենց այդ հատկանիշներով է պայմանավորված «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության հաջողությունը Հայաստանի տնտեսական դաշտում: «ԲԻԶՆԵՍ ԿՈՆՑԵՊՏ»-ի խմբագրակազմն այդ հաջողության շարունակականությունն է մաղթում:

«ԲԻԶՆԵՍ ԿՈՆՑԵՊՏ» N1, 2013
 
  • 153

    Employees

  • 1011

    Clients

  • 14

    Years of Experience

Latest News

Contact Info

  • "Art-Lar Finance & Accounting" LLC
  • +374 10 44-40-08  |  +374 60 52-27-27  |  +374 44 52-27-27  |  +374 98 52-27-27
  • +374 10 44-41-05
  • 48/2 Garegin Nzhdeh Str., Yerevan, 0026, RA
Save

Contact Us

Name*
Invalid Input

E-mail*
Invalid Input

Message*
Invalid Input